Intro

փորձառություններ Վայոց Ձորում



Սովորեք գաթա պատրաստել թոնրում

«Ընկուզենու տակ»-ը Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում հայտնի մի ընտանեկան հյուրատուն է, սննդային փորձառություն և ռեստորան: Այստեղ դուք կարող եք տեղեկանալ հայկական ավանդույթների մասին և մասնակցել այստեղ անցկացվող գաթայի պատրաստման դասընթացին:

Լիլիթը և Աբրահամը՝ «Ընկուզենու տակ» հյուրատան հիմնադիրները, կներկայացնեն ձեզ հուրատան և ռեստորանի պատմությանը։ Նրանց ընտանիքը ավելի քան քսան տարի հյուրընկալում էր այցելուներին, սկսած այն ժամանակվանից, երբ նրանց պապը, ով աշխատել էր շինարարության ոլորտում, սկսեց հյուրընկալել արտասահմանից եկած իր գործընկերներին: Նրանք իրենց հյուրերին ծանոթացրեցին հայկական մշակույթին՝ լավաշ և գաթա թխելով և նրանց ներգրավելով ամենօրյա գործերի մեջ` անասուններին կերակրելուց մինչ այգին խնամելը։

Այժմ դուք կարող եք զգալ հյուրընկալության այս ավանդույթը` Լիլիթից և Աբրահամից սովորելով, թե ինչպես կարելի է գաթա թխել թոնրում: Գաթան թխվածք է, որն ավանդաբար պատրաստվում է տոների, հարսանիքների, ծեսերի և այլ հատուկ առիթների ժամանակ։ Այն պատրաստելու համար քաղցր միջուկով լցոնում եք թխվածքը, այնուհետև ձևավորում և զարդարում այն: Բացահայտեք այն բազմաթիվ ստեղծագործական հնարները, որոնք հայ խոհարարության վարպետները օգտագործում են Վայոց ձորի Գաթայի փառատոնում՝ պատրաստելով իրենց գաթան:

Գաթան զարդարելուց հետո տանտերերը ձեզ կցուցադրեն իրենց թոնիրը` կավե վառարանը, որը ներկառուցված է գետնի տակ` լավաշը և գաթան թխելու համար: Մինչ գաթաների թխվելը, փորձեք համտեսել Աբրահամի օղիներից մի քանիսը` պատրաստված խաղողից, սալորից, խնձորից, հատապտուղներից և այլ մրգերից:

Վերջապես, հյուրատան մեծ բակում վայելեք ճաշը՝ համեղ ուտեստներով, ինչպես նաև բուսական թեյը և այլ զովացուցիչներ: «Ընկույզենու տակ»-ը կարող է տեղավորել մինչև ութսուն մարդ՝ ներսի և բացօթյա սրահներով: Երբ փորձառությունն ավարտի է հասնում, բացահայտեք տան տարածքը, կամ պարզապես վայելեք պարտեզի չքնաղ տեսարանը։

Email: underthewalnut.14@gmail.com

Պատրաստեք և համտեսեք տնական օղի

«Ընկուզենու տակ»-ը՝ Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում հայտնի ընտանեկան հյուրատուն է, գաստրո փորձառություն և ռեստորան; Այստեղ դուք կարող եք տեղեկանալ հայկական ավանդույթների մասին, մասնակցել օղու թորման ցուցադրությանը և հետո տարբեր մրգերից ստացված օղիներ համտեսել։

Լիլիթը և Աբրահամը՝ «Ընկուզենու տակ» հյուրատան հիմնադիրները, կներկայացնեն ձեզ հուրատան և ռեստորանի պատմությանը։ Նրանց ընտանիքը ավելի քան քսան տարի հյուրընկալում էր այցելուներին, սկսած այն ժամանակվանից, երբ նրանց պապը, ով աշխատել էր շինարարության ոլորտում, սկսեց արտասահմանից եկած իր գործընկերներին հյուրընկալել: Նրանք իրենց հյուրերին ծանոթացրեցին հայկական մշակույթին՝ լավաշ և գաթա թխելով և նրանց ներգրավելով ամենօրյա գործերի մեջ` անասուններին կերակրելուց մինչ այգին խնամելը։

«Ընկուզենու տակ» հյուրատան օղիները պատրաստվում են խաղողից, սալորից, խնձորից, ծիրանից, տանձից և հատապտուղներից։ Աբրահամը կբացատրի թորման ամբողջ գործընթացը՝ պտուղը հավաքելուց մինչև թորած օղու առաջին կաթիլները: Օղու թորումը դեռ շարունակում է տարածված պրակտիկա մնալ հայկական շատ ընտանիքներում: Գրեթե յուրաքանչյուր գյուղական տուն ունի իր զավոդը (թորիչ սարքավորումը), կամ գոնե կարող է սարքավորումները փոխ առնել իրենց հարազատներից կամ հարևաններից: Քանի որ թորման գործընթացը տևում է մի քանի օր, դուք չեք կարողանա թորել ձեր սեփական օղին սկզբից մինչև վերջ: Այնուամենայնիվ, փորձառու օղի արտադրողների հետ դուք կարող եք փորձել բոլոր քայլերը և մի փոքր էլ համտեսել վերջնական արտադրանքներից։

Այցելուները կարող են նաև բացահայտել տան տարածքը, ճաշել կամ մասնակցել գաթայի պատրաստման դասին Լիլիթի և Աբրահամի հետ։

Email: underthewalnut.14@gmail.com

Ծղոտագործության դաս «Եղեգ»-ի հետ

Ավանդաբար ծղոտագործությունը եղել է Վայոց ձորի կարևոր արհեստներից մեկը։ Ինչպես և այսօր, Արփա գետի ափերը միշտ եղել են ծածկված ուռենիներով։ Այսօր ևս Արթուր Պետրոսյանը հյուսում է զամբյուղներ և այլ կենցաղային իրեր՝ փափկեցնելով և ճկելով Արփա գետի հովտում աճող ուռենու ճյուղերը։ Նրա ստեղծած իրերը կիրառելի են թե՛ առօրյայում, թե՛ տոնական միջոցառումների ժամանակ: Վարպետաց դասի ընթացքում Արթուրը ձեզ հետ կկիսվի իր հմտություններով։ Ծղոտագործության պատմությունը ներկայացնելուց հետո, նա ձեզ կսովորեցնի ինչպես գործել զամբյուղ, ափսե կամ գինու շշերի համար նախատեսված կաղապարներ։

Արթուրը ձեզ կտրամադրի կիսապատրաստի նմուշներ, որոնց հիման վրա դուք կարող եք ավարտին հասցնել ձեր նախընտրած առարկան տանը։ Այս զվարճալի և ինտերակտիվ վարպետաց դասը կարելի է անցկացնել տարածաշրջանի ցանկացած վայրում՝ հյուրանոցում, տեղական գինեգործարանում կամ այլ վայրում։

Email:apet-p@mail.ru

Ստեղծիր առանձնահատուկ կոլաժներ Արտյոմ Երկաթի հետ

Արտյոմ Երկաթի ստեղծագործական առանձնահատկությունը հակադրությունների միջոցով ներդաշնակություն ստեղծելն է: Ծնունդով Եղեգնաձորցի ճարտարապետ Արտյոմը շատ էր սիրում զբոսնել Ջերմուկում, որը հարավային Հայաստանի Վայոց ձորի լեռների մեջ փռված առողջարանային քաղաք է: Փողոցում տեսնելով թափված աղբը՝ Արտյոմը որոշեց վերածել այն արվեստի: Արդյունքում ստացվեցին բարդ գեղարվեստական թեմաներ ներկայացնող յուրահատուկ կոլաժներ և բարդ երկաթյա կառույցներ:

Այս նպատակով Արտյոմն օգտագործում է ցանկացած նյութ՝ փայտ, կավ, քար, երկաթ, լինոլեում, ստվարաթուղթ և փետուր: Վերածելով աղբը գեղեցկության և արժեքի՝ նա ոչ միայն նվազեցնում է համատարած գերիշխող «օգտագործել և նետել» սովորության հետևանքները, այլև մարմնավորում իր սեփական տեսլականն ու երազանքները:

Արտյոմի ոգեշնչման աղբյուրներից մեկն իր հայրական տունն է, որը կառուցվել է քսաներորդ դարի սկզբներին: Այնտեղ նա այժմ աշխատում և անցկացնում է վարպետաց դասեր: Տաք ամիսների ժամանակ դասերն անցկացնում է իր տան բակում, իսկ մնացած ժամանակ՝ նկուղում, որը կահավորված է հին գյուղական կահույքով, զարդարված գորգերով, և սովետական ժամանակաշրջանին բնորոշ դեկորատիվ առարկաներով:

Ոգեշնչման այլ աղբյուր են հանդիսանում իր մանկության տարիների վառ հիշողությունները, որը նա անցկացրել է հարավային Հայաստանի լեռներում և Ղրիմի թերակղզում: Հաստատելով ներդաշնակություն այս երկու ազդեցությունների միջև՝ Արտյոմը կարողանում է ստեղծել հզոր գեղարվեստական գործեր:
Կոլաժի վերաբերյալ Արտյոմի անցկացրած վարպետաց դասերի ժամանակ այցելուները տարբեր անկանխատեսելի նյութերի միջոցով գտնում են իրենց հոգեհարազատ թեման և ոճը և փորձում մեկնաբանել կյանքը յուրովի: Գեղարվեստական արժեք հաղորդելով արժեզուրկ նյութերին՝ այցելուները կարող են ոչ միայն արտահայտել իրենց ստեղծագործական միտքն ու անհատականությունը, այլև Արտյոմի հետ միասին խթանել վերամշակման և վերաօգտագործման բնապահպանական առավելությունները:

Email:armanmetalic@gmail.com

Ստեղծիր երազանքների քո տիկնիկը

Եղեգնաձոր քաղաքում տեղակայված սովետական ժամանակաշրջանի երկհարկանի ռազմական ծրագրի գրասենյակի վերանորոգման հեղինակը մի աղջիկ է, ով չէր վախենում երազել: Հավատարիմ մնալով դիզայն ստուդիա հիմնելու իր նպատակին՝ Արմինե Աղաջանյանը այդ գրասենյակը վերածեց իր կենսախինդ ոճն արտացոլող գեղեցիկ արհեստանոցի: Որպես արհեստանոց և խանութ՝ Արմինեի «Մոշ»ստուդիայում միավորվում են նորաձևությունն ու ավանդույթը, ինչպես նաև հին զարդանախշային արվեստն ու սեփական գեղարվեստական տեսլականը:

Արմինեն ոգեշնչվում է միջնադարյան Հայաստանի ականավոր մանրանկարիչ և ճարտարապետ Մոմիկի գործերով: Իր աշխատանքների հիմնական առանձնահատկությունը արևի աստվածներին խորհրդանշող ծաղիկի նախշերն են, որոնք կարելի է տեսնել նաև խաչքարերի վրա: Արմինեն նոր կյանք է հաղորդում հայկական գեղարվեստական զարդանախշերին, ինչպես նաև պատրաստում գեղեցիկ հագուստ կանանց համար իր հայրենի քաղաքում: Արմինեի կատարած հանրային աշխատանքը ոգեշնչման աղբյուր է դարձել տեղաբնակ կանանց համար, քանի որ հնարավորություն է տվել վերջիններիս զարգացնել իրենց կարելու հմտությունները: Կանանց բաժանելով փոքր խմբերի՝ Արմինեն խթանում է նաև համագործակցության ոգին:

Վարպետաց դասերի ժամանակ այցելուները կարող են պատրաստել Արմինեի՝ «երազանքներ իրականացնող տիկնիկները»: Այցելուները կարող են պատրաստել յուրահատուկ տիկնիկներ՝ օգտագործելով Արմինեի հավաքած գործվածքներն ու կարկատանները: Այս տիկնիկներն արտահայտում են ոչ միայն իրենց անհատականությունները, այլև հայկական մշակութային ինքնությունը: Հնադարյան ժամանակաշրջանում հայերի համար շատ կարևոր է եղել սնունդը, անվտանգությունը, պտղաբերությունն ու առողջության ապաքինումը, որի համար օգտագործում էին առասպելական հերոսների գերբնական ուժը մարմնավորող մարդակերպ տիկնիկներ: Այսպիսով, Արմինեի վարպետաց դասերը հնարավորություն են տալիս մասնակիցներին մանրամասն ծանոթանալ տիկնիկների հետ կապված սերնդե սերունդ փոխանցված ժողովրդական հավատալիքներին և ավանդույթներին։

Email:moshstudioM@gmail.com