Intro

Վայոց Ձորի Մասին

Երևանից ընդամենը 2 ժամ դեպի հարավ, Հայաստանի Վայոց ձորի մարզում, կարող եք վայելել գեղեցիկ բնապատկերներով հարուստ քայլարշավներ, բացահայտել մշակութային ժառանգության յուրահատուկ նմուշներ և հետաքրքիր ավանդույթներ ու բազմազան գինիներ։


Page Logo

Հնագույն և հարուստ պատմություն


Գտնվելով հնագույն Մետաքսի Ճանապարհի սրտում՝ բազում մշակույթների խաչմերուկում, Վայոց ձորը հազարամյակներ շարունակ եղել է տարբեր քաղաքակրթությունների օջախը։ Ընդամենը մեկ կարճ քայլարշավը Վայոց ձորում բավական կլինի, որպեսզի հանդիպեք միջնադարյան եկեղեցու մնացորդների կամ լսեք պատմություններ 13-րդ դարի լքված գերեզմանատան մասին։

Վերջին տարիներին հնագետները պեղել են Վայոց ձորի հարուստ անցյալի մասին վկայող նոր ապացույցներ։ 2007 թվականին հնագետներն ապացուցեցին, որ Վայոց ձորում գտնվող շուրջ 6000 տարվա պատմություն ունեցող Արենի-1 քարանձավը աշխարհի հնագույն գինու արտադրության օջախն է։

Part Page

Բնությունը


Վայոց ձորը հարուստ է նաև կենդանատեսակներով, որոնց մի մասն ընդգրկված է Հայաստանի Կարմիր գրքում, որը ներառում է երկրի հազվագյուտ և վտանգված կենդանատեսակները։ Վայոց ձորում կարելի է հանդիպել բեզոարյան այծերի, կովկասյան արջերի, վայրի վարազների, արծիվների, անգղերի և նույնիսկ Կովկասյան ընձառյուծի, ինչն այս տեղանքը դարձնում է բաղձալի վայրի բնության սիրահարների համար։

Վայոց ձորի համայնքները համագործակցում են տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը, որպեսզի Գնիշիկ պահպանվող տարածքում և նմանատիպ վայրերում պահպանեն Հայաստանի կենսաբազմազանությունը՝ վերահսկելով տեղանքի ֆլորան և ֆաունան։ Անկախ նրանից՝ ցանկանում եք հեռադիտակով դիտարկել անգղերի բույները, թե բեզոարյան այծերին, տեղացի ուղեկցորդները կօգնեն ձեզ կողմնորոշվել տարածքում։

Ժայռոտ և չոր տեղանքը, որի բարձրությունը տատանվում է 990-ից մինչև 3522 մետրի սահմաններում, ստեղծել է յուրահատուկ կենսաբազմազանություն։ Տարածքում հոսող բազմաթիվ գետերը և նրանց վտակները սնուցում են հողը՝ այն պիտանի դարձնելով բազմատեսակ ծառեր և խաղողի այգիներ աճեցնելու համար։ Գետերի ափերին աճող վայրի ծաղիկները և մրգատու ծառերը, խառնվելով ժայռերի գույների հետ, ստեղծում են բազմերանգ բնապատկերներ։ Այս հրաշալի բնապատկերները կարելի է վայելել թե՛ քայլարշավի միջոցով, թե՛ 4×4 մեքենա վարելով։

Full Page

Հարուստ մշակութային ժառանգություն


Վայոց ձորը հազարամյակներ շարունակ բնակեցված է եղել։ Այստեղ գտնվող քարանձավները վկայում են այն մասին, որ հին ժամանակներում տարածքում բնակվել են նաև քոչվոր ցեղեր։ Միևնույն ժամանակ, քարանձավները տրամադրում են այստեղ ապրած և արարած հնագույն մշակույթի վերաբերյալ խոսուն ապացույցներ, որոնցից մեկը հենց մ․թ․ա․ 4-րդ հազարամյակին պատկանող գինեգործարանն է։

Այսօր գինեգործության մշակույթը պահպանվում է շնորհիվ մի քանի խանդավառ գինեգործների, ովքեր շարունակում են մշակել խաղողի հնագույն տեսակները։ Խորհուրդ ենք տալիս մեկ կամ երկու օր հատկացնել՝ բացահայտելու Վայոց ձորում գինեգործության արհեստը, գործարանում շրջելու, արտադրության գործընթացին ծանոթանալու և գինու համտեսի համար։

Աշնանը Վայոց ձոր այցելելիս չմոռանաք մասնակցել Գինու փառատոնին, որտեղ տեղացի գինեգործները ցուցադրում են իրենց գինիները։ Փառատոնի ընթացքում կարող եք վայելել տարբեր գինիներ, անուշահամ հայկական ճաշատեսակներ և փորձել ավանդական հայկական պարերի Ձեր տաղանդը։

Վայոց ձորում բնակվում են բազում տաղանդավոր փայտագործներ, քանդակագործներ և կարպետագործներ։ Տեղում կարելի է ծանոթանալ բազում մշակութային ավանդույթների, օրինակ՝ դիտել, թե ինչպես է խաչքարագործը քանդակում հրաբխային ծագման ֆելսիտի և բազալտի խոշոր բեկորները՝ վերածելով դրանք արվեստի նմուշների, կամ դիտել տեղացի կանանց՝ լավաշ թխելու գործընթացը գետնափոր թոնրի մեջ։ Շատ տեղացի վարպետներ ուրախ են ցուցադրել իրենց հմտությունները և արտադրանքը:

Այս ավանդույթներին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Վայոց ձորի բազում թանգարաններում։ Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանում կարող եք ուսումնասիրել հնագիտական պեղումների հետաքրքիր գտածոները և ծանոթանալ համեմատաբար ժամանակակից ազգագրական հավաքածուներին։ Եթե ժամանակակից արվեստի սիրահար եք, խորհուրդ ենք տալիս այցելել Եղեգնաձորի և Ջերմուկի պատկերասրահներ։

Part Page