ՓԱՌԱՏՈՆԵՐ Եւ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Տարվա ընթացքում Վայոց ձորում են կայանում մի քանի փառատոներ, որոնց ընթացքում ցուցադրվում են տեղական գինիները, սնունդը և ավանդույթները։
Տարվա ընթացքում Վայոց ձորում են կայանում մի քանի փառատոներ, որոնց ընթացքում ցուցադրվում են տեղական գինիները, սնունդը և ավանդույթները։
Կախված նրանից, թե երբ եք այցելում Վայոց ձոր, այս փառատոները Ձեզ հնարավորություն կտան ծանոթանալ տեղական ավանդույթներին և ժամանցին։ Դուք կարող եք բավարարել սննդի և մշակույթի հետ կապված Ձեր հետաքրքրությունները՝ այցելելով Արենիի գինու կամ Խաչիկի գաթայի փառատոներին։
Աշնանը Ռինդ և Արենի գյուղերում է կայանում Արենի Գինու փառատոնը։ Միջոցառման առաջին օրը Ռինդում՝ Արենիին մոտ գտնվող մի փոքրիկ գյուղում, տեղի է ունենում մրցույթ, որտեղ տեղական համայնքի անդամները ցուցադրում են իրենց լավագույն սնունդն ու խմիչքը։ Այցելեք նրանց տաղավարները, որպեսզի համտեսեք Ռինդի տեղական սնունդն ու խմիչքը և տեսնեք, թե ինչպես են դպրոցական երեխաները երգում ու պարում ազգային երաժշտության ներքո։
Հաջորդ օրը տոնակատարությունը շարունակվում է Արենի գյուղում։ Այստեղ են այցելում հազարավոր զբոսաշրջիկներ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից։ Արենիի գլխավոր փողոցում շարվում են տեղական տնական գինու վաճառողները: Մեկ այլ հատվածում Հայաստանի լավագույն և ամենահայտնի գինեգործները զբոսաշրջիկներին առաջարկում են իրենց գինիների համտես։ Գյուղի կենտրոնում շարունակ հնչում են հայկական երգեր, իսկ զբոսաշրջիկներին խրախուսում են միանալ պարող խմբերին:
Խաչիկ գյուղում սեպտեմբերին տոնվող այս փառատոնն արտացոլում է գաթայի հանդեպ հայ ժողովրդի վերաբերմունքը և կազմակերպվում է սկսած 2013 թվականից։
Գաթան հայկական ավանդական «քաղցր հաց» է, որի պատրաստման համար օգտագործվում է յուղ, ձու, կաթի սեր և ալյուր: Փառատոնի գլխավոր գաթան ունի մոտ 2,5 մետր տրամագիծ, իսկ 2017 թվականի փառատոնի գլխավոր գաթայի տրամագիծը հասել է 4 մետրի։
Մի քանի գյուղացիներ փառատոնին նախորդող մի քանի օրերին աշխատում են՝ պատրաստելու համար այս հսկայական գաթան, որի համար պահանջում է ավելի քան 250 կիլոգրամ ալյուր և 50 ձու: Նրանք 10 խոշոր կտոր են պատրաստում և վերջնական արդյունքը դասավորում սեղանի վրա, որտեղ կտորները միացվում են մեղրով, իսկ ամբողջական գաթան զարդարվում է նախշերով:
Փառատոնը սովորաբար սկսվում է գաթայի օրհնությամբ և կտրատմամբ։ Փառատոնի կազմակերպիչները խորհրդանշական կերպով առաջին մի քանի կտորները բաժանում են գյուղի ռազմակայանում ծառայող զինվորներին: Արարողության ավարտից հետո այցելեք սննդի տարբեր տաղավարներ՝ համտեսելու գաթայի տարբեր տեսակներ: Փառատոնի հսկա գաթայից բացի, գյուղի կանայք նաև փառատոնի համար այլ տեսակի գաթաներ են պատրաստում, տարբեր բաղադրատոմսերով, չափերով և միջուկներով: Տաղավարներից մի քանիսում դրված են լինում վաճառքի ենթակա գաթաներ, իսկ մյուս մասում ցուցադրվում են պարզապես համտեսի համար նախատեսված գաթաներ: Ձեր բաժին գաթան վայելելուց հետո խորհուրդ ենք տալիս միանալ ավանդական հայկական երգերին ու պարերին:
Ավանդական գաթաները պատրաստվել և նույնիսկ հիմա էլ պատրաստվում են թոնրի մեջ։ Հատկապես ընդունված է գաթա թխել Զատիկին, Նոր տարուն, հարսանիքներին և ընտանիքի արու զավակին պարտադիր զինվորական ծառայության ուղարկելուց առաջ։ Գաթայի բաղադրատոմսերը պահպանվում և սերնդեսերունդ են փոխանցվում շատ հաճախ պարզապես բանավոր կերպով։