Intro

Տեսարժան վայրեր

Անկախ նրանից՝ բնության, պատմության, արկածների, թե գինու սիրահար եք, Վայոց ձորում կգտնեք Ձեզ համար հետաքրքիր որևէ զբաղմունք։


Վայոց ձորում են գտնվում Հայաստանի ամենայուրահատուկ մշակութային օջախներից մի քանիսը՝ Նորավանք վանահամալիրը, Գնիշիկ համայնքային պահպանվող տարածքը, որն առաջարկում է 4×4 մեքենայով տուրեր Հայաստանի ամենագեղեցիկ բնապատկերներով հարուստ վայրերից մեկում։ Ստորև ներկայացնում ենք Վայոց ձորի Գինու ուղի ծրագրում ներառված բազում տեսարժան վայրերից մի քանիսը․

«Արփա» պահպանվող լանդշաֆտում


Վայոց ձորի տեղական 3 համայնք և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը միավորվել են մեկ գաղափարի շուրջ՝ հետևել և խնամել այս պահպանվող տարածքը։ Արփա հիմնադրամի նպատակն է պահպանել Հայաստանի կենսաբազմազանությունը, ինչի համար նախաձեռնել է ծրագրեր մոտ 900 տեսակի բույսերի և 525 տեսակի կենդանիների պաշտպանության համար։ Առաջարկում ենք քայլել Վայոց ձորի անթերի բնական արգելավայրերում՝ ծանոթանալու բազմերանգ լեռներին, լոգանք ընդունելու բնական տաք աղբյուրների ավազաններում կամ պարզապես դիտարկելու բեզոարյան այծերին։

Արփան ունի քայլարշավների և ճամբարների համար հարմար մի քանի վայր։ Մուտքի մոտ տեղադրված ցուցանակները ձեզ կհուշեն յուրաքանչյուր քայլարշավի բարդության, երկարության և տևողության մասին։ Քայլարշավի՝ բարձրադիր լեռներով շրջապատված ուղիները կտանեն Ձեզ գեղեցիկ ֆլորայի աշխարհ և հնարավորություն կտան հիանալ կիրճերով, աղբյուրներով և գունագեղ ծառերով։

Եթե նախընտրում եք ճամփորդել ուղեկցորդի հետ, ապա առաջարկում ենք օգտվել անտառապահների կամ էքսկուրսավարների ծառայություններից, ովքեր Ձեզ կուղեկցեն քայլարշավի ընթացքում՝ տանելով դեպի դիտակետեր, որոնցից մեկից բացվում է հրաշալի տեսարան դեպի Նորավանք վանահամալիր թռչնի թռիչքի բարձրությունից, իսկ մյուսից կարելի է դիտարկել ժայռերը մագլցող և աղբյուրներից ջուր խմող բեզոարյան այծերին։ Անտառապահները Ձեզ կտրամադրեն իրենց հզոր հեռադիտակները, որպեսզի ավելի լավ տեսնեք այս գեղեցիկ համայնապատկերը:

«Արփա» պահպանվող լանդշաֆտում կոնտակտներ:

Հեռախոս: +374 95 959007

Էլ․ հասցե։ arpafund@gmail.com

ԱՐԵՆԻ-1 ՔԱՐԱՆՁԱՎ


Արենի-1 քարանձավը Ձեզ կներկայացնի գինեգործության 6000ամյա պատմության ապացույցները։ Քարանձավում կարելի է տեսնել խաղողի պահեստավորման, ճզման և ֆերմենտացման հատվածները։ Արենի-1 քարանձավի մնացորդերն ապացուցում են, որ աշխարհում հայտնի հնագույն գինեգործարանը գտնվել է հենց այս տարածքում։
Այստեղ է գտնվել նաև աշխարհի ամենահին կոշիկը, որը ներկայումս ցուցադրված է Հայաստանի Պատմության պետական թանգարանում։

Քարանձավի հետագա պեղումների նպատակով այն դեռևս բաց չէ այցելուների համար։ Այնուամենայնիվ, կա մի ծրագիր, որը թույլ կտա հեշտությամբ մտնել և դիտել քարանձավը՝ առանց նրան վնասներ հասցնելու: Քարայրի թվային սկանավորումը և այն 3D պրոյեկցիաները նույնպես հնարավորություն կտան այցելուներին ներսից ծանոթանալ քարանձավին:

ԵՂԵԳԻՍԻ ՀՐԵԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ


Միջնադարում Մետաքսի ճանապարհը Հայաստան, և մասնավորապես` Վայոց Ձոր բերեց բազմաթիվ մշակույթների և հավատքների պատկանող մարդկանց։
Եղեգիսի գերեզմանատան տապանաքարերը պատկանում են 1266-ից մինչև 1337 թվականներին այստեղ բնակված փոքրիկ հրեական համայնքին: Դժբախտաբար, այս հրեական համայնքի և Հայաստանի ժամանակակից այլ կրոնական և էթնիկ փոքրամասնությունների վերաբերյալ սակավաթիվ պատմական ապացույցներ կան: Տապանաքարերի մեծ մասը կրում է եբրայերեն, ինչպես նաև աստվածաշնչյան և թալմուդերեն լեզուներով արձանագրություններ: Մահացածներից մի քանիսի անունները շատ տարածված են Իրանի հրեաների միջավայրում, ինչը կարող է վկայել Իրանից գաղթած հրեական համայնքի մասին:

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ (13-ՐԴ ԴԱՐ)


Արփա գետը հատող այս միջնադարյան կամուրջը գտնվում է Հյուսիս-Հարավ մայրուղու հարավային հատվածում՝ Ագարակաձոր գյուղի մոտ։ Սակավաթիվ տեղեկություններ են հայտնի այս կամուրջի մասին, թեև տեղական ավադությունները վկայում են, որ Պռոշյան իշխանն այն կառուցել է, որպեսզի հեշտ անցնի դեպի գետի մյուս ափին գտնվող իր պալատը։ Այսօր հովիվներն ակտիվորեն կիրառում են այն անասուններին տեղափոխելու համար։ Կամուրջը կարելի է տեսնել մոտակա խճուղուց, թեև գուցե դիտելու ճիշտ անկյունը գտնելու համար պետք գա դիմել տեղացիների օգնությանը։ Բարձրացեք կամուրջի սրածայր գագաթը, որպեսզի հիանաք գետը շրջապատող գեղեցիկ համայնապատկերով։

ՆՈՐԱՎԱՆՔ ՎԱՆԱՀԱՄԱԼԻՐ


Ձեր ուղևորությունը Վայոց ձոր լիարժեք չի կարելի համարել, եթե չեք այցելել յուրօրինակ միջնադարյան Նորավանք վանահամալիր։ 9-ից 14-րդ դարերի ընթացքում կառուցված վանահամալիրը տեղակայված է գեղեցիկ կիրճում և շրջապատված է կարմիր ժայռերով։ Նորավանքը շատ մոտ է գտնվում Արենի-1 քարանձավին։ Այն բաղկացած է մի քանի եկեղեցիներից, որոնցից են՝ Սբ․ Աստվածածին, Սբ․ Ստեփանոս եկեղեցիները, Սբ․ Գրիգոր դամբարան-մատուռը և այլ վանական շինություններ։

Համալիրի տարածքում թաղված են Օրբելյան դինաստիայի շատ հայտնի ազնվականներ, որոնց տապանաքարերը կտեսնեք դամբարան-մատուռում։ Ուշադրություն դարձրեք հատկապես այն տապանաքարին, որի վրա իշխանը պատկերված է դեմքով դեպի Ձեզ շրջված առյուծի կերպարանքով:

Եկեղեցին և իր յուրահատուկ քանդակները հայտնի ճարտարապետ և քանդակագործ Մոմիկի վերջին աշխատանքներից են, ում մասին պատմում են, որ մինչև Սբ․ Աստվածածին եկեղեցու շինարարության ավարտը (1339 թ․) կուրացել է։ Մոմիկը նաև քանդակներ է արել կից Սբ․ կարապետ եկեղեցում։ Արևմտյան շինության մուտքի վերևում գտնվող քանդակն արտացոլում է Հայր Աստծո օրհնությունն (աջ ձեռքով) ու Ադամի գլուխը (բռնած ձախ ձեռքում)։ Մինչև այս քանդակի ստեղծումը, հայկական արվեստում Աստծուն երբեք չեն պատկերել մարդու կերպարով, այլ միայն սիմվոլների միջոցով։

Նորավանքի այցելությունն ավելի հաճելի է դառնում հատկապես մայրամուտից առաջ, երբ վանքի պատերը դառնում են ոսկեփայլ վարդագույն՝ արտացոլելով շրջակա ժայռերի վրա ընկած արևի ճառագայթները։ Եթե հաջողակ եք, հնարավոր է, որ տեսնեք նաև բեզոարյան այծերի։

ՇԱՏԻՆԻ՝ ԲԵԶՈԱՐՅԱՆ ԱՅԾԵՐԻՆ ՆԱՅԵԼՈՒ ԴԻՏԱԿԵՏ


Շատին գյուղում է գտնվում Հայաստանի միակ բեզոարյան այծերի դիտակետը։ Այստեղից կարելի է հիանալ Շատինի լեռների զարմանահրաշ տեսարաններով, որտեղ ապրում են մոտ 600 բեզոարյան այծեր։ Դիտակետում այցելուները կարող են օգտվել հեռադիտակներից, որպեսզի հետևեն, թե ինչպես են այծերը մագլցում լեռները։ Դիտարկման համար ամենահարմար ժամանակը կամ վաղ առավոտն է, կամ մայրամուտին նախորդող ժամերը։ Առաջարկում ենք հանգրվանել մոտակա հյուրատներում, մինչ կսպասեք այծերի հայտնվելուն։

ՕՐԲԵԼՅԱՆ ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆ (ԻՋԵՒԱՆԱՏՈՒՆ)


Հնագույն Մետաքսի ճանապարհը, որով բազում առևտրականներ անցել են՝ վաճառելու համար իրենց ապրանքը, անցել է Հայաստանի տարածքով։ Այս ճանապարհին գտնվող քարավանսարաները կեցության հնարավորություն էին տալիս հոգնած ճամփորդներին և նրանց կենդանիներին։ Բազալտից կառուցված Օրբելյան քարավանատունը (1326-1327 թ․թ․), որն ընդլայնվել է 1332 թ․, ունի 1 կենտրոնական և երկու օժանդակ սրահ։ Կառույցն ավերվել է 17-րդ դարում, բայց հետագայում՝ Խորհրդային շրջանում, վերականգնվել է և այսօր Հայաստանի լավագույն պահպանված իջևանատատունն է։ Պատերից մեկի վրա կա 2 լեզվով՝ պարսկերեն և հայերեն արձանագրություն։

ՍՄԲԱՏԱԲԵՐԴ


Սմբատաբերդը գտնվում է Եղեգիս և Արտաբույնք գյուղերը կապող նեղ լեռնաշղթայում։ Բերդն ունի երկու միջնաբերդ, կառուցվել է մ․թ․ 9-11-րդ դարերում։ Սմբատաբերդը հիշատակվել է հույն պատմաբան Ստրաբոնի աշխատություններում, ինչը հիմք է մտածելու, որ բերդի պատմությունը սկսվել է ավելի հին ժամանակներում։ Սմբատաբերդը երեք կողմից շրջապատված է լեռներով և գետերի կիրճերով, ինչն անառիկ է դարձնում բերդը։ Բերդն ունի առանձին հատվածներ՝ նախատեսված զինվորների քնի, արքայական ընտանիքի հանգստի, մթերքի պահեստավորման և այլ նպատակների համար։

Սմբատաբերդ տանող ճանապարհը զառիթափ է և նեղ, ինչի համար այնտեղ ցանկալի է հասնել քայլարշավի միջոցով։ Բերդը մասամբ վերականգնված է, և այստեղից բացվում է դաշտերի գեղեցիկ համայնապատկերը։ Բերդն ունեցել է Ցախաց Քար վանքի տարածքի աղբյուրներից սնվող ոռոգման համակարգ։ Կա վարկած, որ բերդը կառուցել են Բագրատունի դինաստիայի ներկայացուցիչները, իսկ ամրացրել՝ Օրբելյան դինաստիայի անդամները։

ԶՈՐԱՑ ԵԿԵՂԵՑԻ


Զորաց եկեղեցին 14-րդ դարի յուրահատուկ կառույց է և իր նմանը չունի ողջ Հայաստանում։ Այն չունի փակ սրահ, ավանդական տաղավար և գմբեթավոր առաստաղ։ Տանիքով ծածկված են միայն արևելյան խորանն ու կից երկու աղոթատները։

Եթե քայլեք դեպի խորանը, կնկատեք, որ անսովոր բարձրություն ունի։ Կա վարկած, որ այն նախատեսված է եղել հեծյալ զինվորների համար, ովքեր կկարողանային նստած մնալ իրենց օրհնությունը ստանալու ժամանակ։ Այս հանճարեղ կառուցվածքը թույլ էր տալիս, որ զինվորներն ընդունեն օրհնությունն ու մղվեն մարտի:

ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ


Եղեգնաձորի պատկերասրահը հիմնադրվել է 1978 թ․ և վերանորոգվել 2010 թ․։ Եղեգնաձորի պատկերասրահում ցուցադրված են 20-րդ դարի հայ հայտնի նկարիչների մի շարք աշխատանքներ։ Պատկերասրահն ունի երեք դահլիճ, երկուսը՝ մշտական հավաքածուների և մեկը՝ ժամանակավոր ցուցահանդեսների համար: Վերականգնումից հետո Մասնաճյուղի վերաբացումը համընկավ 13-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբին գործող գրող, մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկի (1260-1333) հիշատակին նվիրված միջոցառումների հետ: Մոմիկի և նրա ժամանակակիցների ստեղծագործությունները նույնպես ցուցադրվել են այս պատկերասրահում:

Եղեգնաձորի երկրագիտական թանգարան


Եթե հետաքրքրված եք Վայոց Ձորի մշակույթով և հնագույն պատմությամբ, ապա Եղեգնաձորի երկրագիտական թանգարանն անփոխարինելի կլինի Ձեզ համար իր մոտավորապես 12.000 նմուշներով, որոնք ցուցադրված են թանգարանի չորս սրահում: Հնագիտական հատվածում կգտնեք քարե դարին պատկանող օբսիդիանից գործիքներ, մ․թ․ա 3- 2-րդ դարերին պատկանող մ․թ․ա 3- 2-րդ դարերի ն պատկանող սև և կարմիր խեցեգործ իրեր, ուրարտական շրջանի բրոնզե գոտիներ, Եղեգիսի 13-րդ դարի հրեական գերեզմանատնից բերված նմուշներ: Հատկապես տպավորիչ արվեստի գործ է 14-րդ դարի ճարտարապետ Մոմիկի խաչքարը: Այս խաչքարը նրան վերագրվող երեք խաչքարերից մեկն է: Թանգարանում ներկայացված է նաև ազգագրական ցուցահանդես, որտեղ ցուցադրված են մ.թ.ա. 1-ին դարի մի շարք մետաղադրամներ:

Բաց է երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00-17։00

Ծաբաթ`11։00-16։00

Տոմսի արժեքը՝ 500 դրամ

Հեռախոս՝ +374 28 123392

ԱՐԿԱԶ ՎԱՆՔ (ՍԲ. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ)


Հայ հոգևորական և պատմաբան Ստեփանոս Օրբելյանն հիշատակել է 8-րդ դարում կառուցված Արկազ վանքն իր գրություններում: Համալիրի եկեղեցին կոչվում է Սուրբ Խաչ, իսկ եկեղեցում կա գերեզման Քրիստոսի խաչի մասունքով, որը թաղվել է թագուհու հետ: Տեղական ավանդությունը պատմում է, որ 2011 թվականին եկեղեցու վերակառուցման ընթացքում Հիսուսի դեմքը հայտնվել է այս գերեզմանի վերևում: Այնուհետև եկեղեցու սեփականատերերը պատի վրա ամրացրեցին Հիսուսի դիմապատկերով գոբելեն:

ՊՌՈՇԱԲԵՐԴ (ԲՈԼՈՐԱԲԵՐԴ)


Պռոշաբերդը (Բոլորաբերդ) կառուցվել է 13-րդ դարում Պռոշ իշխանի կողմից անառիկ լեռան վրա, զբաղեցնում է 1-1,5 հեկտար տարածք։ Ի պատիվ կառուցողի, ժողովուրդն ավելի հաճախ բերդը կոչում է Պռոշաբերդ և ոչ Բոլորաբերդ։ Պատերը բազալտից են, բերդն ունեցել է ջրամատակարարման համակարգ, որի ապացույցը դեռևս պահպանված խողովակներն են։ Բերդի պատերը նույնպես պահպանվել են, մինչդեռ ներքին պաշտպանական կառույցները, զինանոցը, ինչպես նաև Պռոշյան իշխանների պալատը քանդվել են և թաղվել հողի հաստ շերտի տակ:

ՍՊԻՏԱԿԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ


Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանքի շինարարությունը նախաձեռնել է իշխան Էյաչի Պռոշյանը, իսկ նրա որդին, Ամիր Հասան II- ը, հոր մահից երեք տարի անց՝ 1321 թվականին, ավարտել է շինարարությունը: Եկեղեցին կառուցված է հրաբխային ծագման ֆելզիտ քարից, որը հանդիպում է սպիտակ կամ բաց մոխրագույն գույներով:

Գմբեթավոր դահլիճով տաճարը, խաչաձև ներքին և քառակուսի արտաքին տեսքով, ներառում է քանդակների օրինակելի մոդելներ, որոնք որոշ գիտնականներ վերագրում են 13-րդ դարի նկարիչ, քանդակագործ և լուսավորիչ Մոմիկին՝ նույն արվեստագետին, ում վերագրվում են Նորավանքի մի քանի քանդակներ: Սանկտ-Պետերբուրգում և Հայաստանի պետական ​​պատմության թանգարանում ցուցադրվում են արքայազն Էյաչիի պատկերազարդ դիմանկարը և Ամիր Հասան II-ի որսը:

1340-ական թվականներին Գլաձորի համալսարանի փակվելուց հետո Սպիտակավորը դարձել է տարածաշրջանի մշակութային և կրթական կենտրոնը՝ որպես գեղագրության կենտրոն ժառանգություն թողնելով բազմաթիվ ձեռագրեր: Առավել զարմանահրաշ գտածոներից մեկը միջնադարյան արձանագրությունն է, որը նշում է մի հայի մասին, որը հրեա բնակչից հողատարածք է ձեռք բերում: Միջնադարյան հրեաներին այս տարածաշրջանում արգելված էր սեփականություն ունենալ:

1987 թվականին Սպիտակավոր տեղափոխվեցին 20-րդ դարի առաջին կեսին հայտնի հայազգի պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի մնացորդները: Նա մահացավ խորհրդային բանտում, բայց նրա մարմինը գաղտնի տեղափոխվել է Խորհրդային Հայաստան 1983 թ., այնուհետև՝ թաղվել Սպիտակավոր վանքում: Ամեն տարի հունիսի 17-ին աշխարհի տարբեր ծայրերից հարյուրավոր հայեր մասնակցում են Սպիտակավորի ուխտագնացությանը, որտեղ այցելում են Նժդեհի գերեզման և նրան նվիրված բազալտի խաչքար՝ հարգանքի տուրք մատուցելու:

ԹԱՆԱՀԱՏ ՎԱՆՔ


13-րդ դարի վերջի և 14-րդ դարի սկզբի պատմաբան Ստեփանոս Օրբելյանը թվագրում է եկեղեցին 8-րդ դարին։ Հետագայում՝ 1273-1279 թվականներին, Պռոշյանների իշխանական տոհմն 8-րդ դարի մատուռի տեղում կառուցեց գլխավոր եկեղեցին՝ Սբ. Ստեփանոսը:
Մեկ այլ եկեղեցի` Սուրբ Նշանը, թվագրվում է 13-րդ դարին: Երկու եկեղեցիներն էլ կառուցվել են մուգ կապույտ փայլուն բազալտ քարով: Նայելով Սբ. Ստեփանոսի հարավային պատին՝ կտեսնեք Պռոշյանների իշխանական ընտանիքի զինանշանը, որը պատկերում է իր ճանկերի մեջ գառնուկին բռնած արծիվ:

Որոշ գիտնականներ պնդում են, որ եկեղեցուն հարակից կառույցների մնացորդները Գլաձորի համալսարանի ավերակներն են, որը 13-րդ դարի վերջից մինչև 14-րդ դարի կեսերը գործած կրթական մեծ կենտրոն է եղել:

Այցելեք մոտակա Թանահատ վանք, որտեղ, ըստ երևույթին, գտնվել է համալսարանը: Համալսարանը ժամանակակիցների կողմից արժանացել է «Փառահեղ երկրորդ Աթենք» և «Իմաստության մայրաքաղաք» կոչումներին: Ուսանողները սովորել են ուսուցման խիստ ծրագրով, որը ներառում էր աստվածաբանության, փիլիսոփայության, հռետորության, աստղագիտության և երկրաչափության ուսումնասիրություն: Բացի այդ, համալսարանը գեղագրության կենտրոն էր, որի շնորհիվ լույս տեսան հարյուրավոր ձեռագրեր:

ՑԱԽԱՑ ՔԱՐ ՎԱՆՔ


Գտնվելով սարի լանջին, 10-րդ դարի Ցախաց քար վանքը շատ մոտ է Սմբատաբերդին, և այստեղից բացվում է տեսարան դեպի Եղեգիս գետ։ Վանքը բաղկացած է բազում շենքերից, որոնք գտնվում են միմյանցից մի քանի մետր հեռավորության վրա։ Սբ. Նշան, Սբ. Կարապետ, Սբ. Աստվածածին և Սբ․ Հովհաննես եկեղեցիների միջև տեղակայված են գերեզմանոցը, վանականների կացարանները և այլն:

Միջնադարյան պատմաբան Ստեփանոս Օրբելյանը պնդում է, որ 5-րդ դարում Վայոց ձորում տեղի են ունեցել Սասանյանների դեմ չորս ճակատամարտեր: Հայտնի է դարձել, որ մի ճակատամարտ տեղի է ունեցել անմիջապես վանքի մոտակայքում և օգնել է հայ ազնվականներին ապահովել իրենց ինքնավարությունը: